Մարտի 1-10-ը «Այզեկ» միջազգային երիտասարդական կազմակերպության անդամները կհանդիպեն հայաստանյան շուրջ 20 պետական ԲՈՒՀ-երի եւ ուսումնական կենտրոնների ուսանողների հետ՝ ներկայացնելու համար
«Տեղեկատվական տեխնոլոգիաները կերտում են ապագան» նախագիծը։ Նախագծի շրջանակներում անցկացվող մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան իրականություն դարձնել իրենց նորարարական գաղափարները։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Այզեկ Հայաստան»-ի անդամ, «Տեղեկատվական տեխնոլոգիաները կերտում են ապագան» նախագծի ղեկավար Ամալյա Կոստանյանը՝ ավելացնելով, որ մասնակցության հայտեր լրացրած երիտասարդներից ընտրվելու են շուրջ 100 մասնակիցներ, որոնցից 70-ը՝ Երեւանից, իսկ 30-ը՝ Գյումրիից։
Նախագծի ղեկավարի խոսքով՝ ընտրված մասնակիցների շրջանում կանցկացվեն հարցազրույցներ, որի ընթացքում երիտասարդները կներկայացնեն իրենց նորարարական գաղափարները։ «Արդյունքում կանցկացվեն դասընթացներ, որոնց ժամանակ երիտասարդները հնարավորություն կունենան բացահայտել իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, ինչպես նաեւ կազմել բիզնես պլան»,- ասաց Ա. Կոստանյանը՝ ավելացնելով, որ մասնակիցներից կկազմվի 7-ական հոգուց բաղկացած մոտ 15 թիմ, իսկ հաղթող թիմին կազմակերպությունը կաջակցի գաղափարի իրականացման գործում։



















