Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ մայիսի 31-ին, ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մակարոնին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը շեշտել է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն ակտիվ համագործակցում է հայաշատ բոլոր երկրների դեսպանների հետ: «Լիբանանի հայ համայնքն ամենամեծ համայնքներից է եւ ուրախ ենք, որ Լիբանանում հայերի համար ստեղծված են լավ պայմաններ»,-նշել է նախարարը՝ ակնկալելով, որ արդեն հաջորդ տարի Հայաստանում կկայանա «Լիբանանի հայերի օրեր» մշակութային միջոցառումների շարք, որին էլ անմիջական մասնակցություն կունենա Հայաստանում Լիբանանի դեսպանությունը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ ակնկալում է երկու երկրների միջեւ մշակութային, գիտական ակտիվ համագործակցություն եւ ուրախ է համագործակցության համար, քանի որ այն կարող է տարաբնույթ գործնական քայլերով ավելի ակտիվացնել համայնքային ու զբոսաշրջային կապերը: Նա հավելել է նաեւ, որ իր նախաձեռնությամբ Լիբանանում կհրատարկվի, ապա նաեւ Լիբանանում եւ Հայաստանում կտարածվի մի գրքույկ, որտեղ լիբանանահայերը կներկայացնեն իրենց աշխատանքն եւ ապրելակերպը: Դեսպանը նշել է նաեւ, որ շուտով ուղիղ չվերթներ կիրականացվեն Երեւան-Բեյրութ-Երեւան ուղղություններով, ինչն էլ առավել կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:



























