Հայաստանի բուհերում մայիսի 5-ից սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը եւ այն ավարտվում է այսօր` հունիսի 1-ին ժամը 18.00-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:

Նա նշեց, որ այս տարի քննությունների առաջին փուլին մասնակցելու համար գրանցվել է 15 հազար դիմորդ, այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է: Արա Իսպիրյանն ասաց, որ դա կարող է մի կողմից պայմանավորված լինել երեխաների թվի նվազմամբ, մյուս կողմից էլ` բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ցանկության նվազմամբ, ուսումնարաններ, քոլեջներ դիմողների մեծ թվով: Նա նաեւ շեշտեց, որ դեռեւս վաղ է վերջնական եզրահանգումներ անել, քանի որ հնարավոր է քննաշրջանի երկրորդ փուլին մասնակցելու համար ավելի շատ դիմորդներ դիմեն, քան նախորդ տարի: Ի դեպ, նախորդ տարի քննաշրջանի երկու փուլերին մասնակցելու համար դիմել էր ավելի քան 18 հազար շրջանավարտ-դիմորդ:

Իսկ թե որ մասնագիտություններն են այս տարի ավելի «նորաձեւ», ապա Սրա Իսպիրյանն ասաց, որ այս հարցում եւս վերջնական եզրահանգումներ չենք կարող անել, մինչեւ ամբողջական պատկերը չունենանք: Նրա կարծիքով`  նախորդ տարիների համամասնությունը կպահպանվի մասնագիտությունների մասով, դիմորդները շատ կլինեն տնտեսագիտական, իրավաբանական մասնագիտությունների գծով, նվազում կլինի բնագիտական ուղղվածությամբ մասնագիտություններում: Ակնկալվում է նաեւ, որ այս տարի եւս թափուր տեղեր կլինեն, քանի որ դիմորդների միշտ ավելի քիչ են լինում, քան բուհերում մասնագիտությունների գծով հատկացված տեղերի քանակը:

ԳԹԿ պաշտոնյան ասաց, որ այս տարի եւս ամենաշատը շրջանավարտները դիմել են Երեւանի պետական համալսարան, այնուհետեւ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան եւ այլն:

Արա Իսպիրյանը նշեց, որ բուհերին հատկացված պետպատվեր տեղերը չեն կրճատվել, նույնն են մնացել, ավելի քան 6 պետական բուհերի հատկացված է մոտ 1800 պետպատվեր տեղ: