ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու, Հայրիկյանի ընկեր Կարո Եղնուկյանը դատարանից դեռեւս ծանուցագիր չի ստացել Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի` իրեն դատի տալու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանը:

Հարցին, թե պատրաստվում եք ներողություն խնդրել փաստաբանից, նա պատասխանեց. «Եթե իմանամ` ինչի համար է ուզում ներողություն խնդրեմ, եւ եթե իմանամ, որ ինքը իրավացի է, իհարկե, կխնդրեմ: Որ ասել եմ, որ դա անբարոյականություն է, դա ներողության խնդրելու առի՞թ է ստեղծվում իր համար, տարօրինակ է: Եթե ինքը կարծում է, որ դա անբարոյականություն չէ, շատ լավ, իր կարծիքն է,  ես իմ կարծիքն եմ հայտնել, թող ինքն էլ իր կարծիքը հայտնի, ինքը դրանից վիրավորվելու իրավունք չունի, ինչի՞ համար պիտի վիրավորվի, ի՞նչ եմ ասել, որ վիրավորվի»:

Կարո Եղնուկյանը նշեց, որ եթե փաստաբանը մահափորձից  մեկ  ժամ հետո ասեր, թե դա մահափորձ չէ, հասկանալի կլիներ,  բայց այս վիճակում, երբ արդեն անձինք խոստովանում  են իրենց արարքը եւ մատնացույց են անում իր պաշտպանյալին` որպես պատվիրատու, դրանից հետո ելնել հայտարարել, որ դեռ պետք է տեսնենք` դա մահափորձ է, թե ոչ. «Լավ եթե դա մահափորձ չէր, ինչ էր: Երբ որ ինքը ինձ ասի` ի՞նչ էր դա, այդ ժամանակ կարող  է պատահի ես միտքս փոխեմ եւ ասեմ, որ այդ մարդը ճիշտ է»,- ասաց նա` շեշտելով, որ իր կամքով չի պատրաստվում վերջինից ներողություն խնդրել:

Կարո Եղնուկյանը հույս ունի, որ դատարանում կհասկանա, թե «մարդու փորացավը ինչ է»: «Ընդհակառակը ինքը պետք է ներողություն խնդրի»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալքեսանդր Սիրունյանը մայիսի 30-ին, դատական հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Փաստաբանը պահանջում է ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու, Հայրիկյանի ընկեր Կարո Եղնուկյանին հրապարակային ներողություն խնդրել: Հայցվորը կարծում է, որ իր հայտնի արտահայտությամբ Եղնուկյանը վիրավորել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը:

Հիշեցնենք, որ Կ. Եղնուկյանը ասել էր, թե Վարդան Սեդրակյանի փաստաբանի արտահայտությունները կոպտագույն սխալներով են ուղեկցվում, քանի որ փաստաբանն ասում է՝ «եթե նույնիսկ Հայրիկյանի վրա կրակել են, եթե նույնիսկ դա Խաչիկ Պողոսյանն է». այս արտահայտությամբ Սեդրակյանի փաստաբանի կողմից հարցականի տակ է դրվում կրակելու հանգամանքը, երբ պարզ է, որ երկու անգամ կրակել են կրծքավանդակին: Սա, ըստ բանախոսի, անբարոյականություն է։