Հունիսի 1-ից Հայաստանում մեկնարկում են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր 1240 դիմորդ քննություն կհանձնի «Ռուսաց լեզու» առարկայից:  Քննությունը կանցկացվի ամբողջ հանրապետությունում ձեւավորված 12 քննակենտրոնում, որոնցից մեկը գտնվում է Երեւանում, երկուսը` Սյունիքում եւ մեկական` մնացած մարզերում: 

Արա Իսպիրյանը նշեց, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը: Ամենաշատ դիմում-հայտերը ներկայացվել են «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Օտար լեզու» առարկաների համար: Հաջորդ քննությունը կկայանա հունիսի 4-ին`  «Հայոց լեզու» առարկայից: Պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին փուլը կավարտվի հունիսի 21-ին` «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներով: Դրանից հետո կմեկնարկի քննաշրջանի երկրորդ փուլը, որին կմասնակցեն արտերկրում ավարտած անձինք, զորացրվածները, առաջին փուլին չմասնակցած շրջանավարտները: