Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախաձեռնել է, որ Գյումրի քաղաքի թվով 15 ավտոկանգառների գործունեությունից ստացվող եկամուտը դիտվի որպես տեղական տուրք եւ մուտքագրվի տեղական բյուջե: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը: Նա նշեց, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որոշմամբ՝ քաղաքի տարբեր հատվածներում գտնվող ավտոկանգառների հողատարածքները 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրվել կամ ձեւակերպվել է քաղաքացի Տարոն Գասպարյանի անունով:

Գ. Մալխասյանի խոսքով՝ 2011 թ-ին ընդունված օրենքով դա համարվում է տեղական տուրք, ինչը ենթադրում է, որ այդ գործառույթը կազմակերպի քաղաքապետարանը եւ գանձվող գումարը մուտքագրվի քաղաքային բյուջե: «Օրենքի ընդունումից հետո պետք է այդ պայմանագրերը լուծվեին, ինչը չի արվել: Հետեւաբար` վարչական կարգով որոշում է ընդունվել եւ տարբեր վարչական դատարաններում հայցեր են ներկայացվել»,- ասաց փոխքաղաքապետը եւ ավելացրեց, որ  հունիսի 11-ին նշանակված է դատաքննությունը:

Հարցին, թե ինչպե՞ս է այս փոփոխությանն արձագանքել Տարոն Գասպարյանը, նա պատասխանեց. «Տարոն Գասպարյանը գրություն է գրել, որ ցանկանում է պահպանել օրենքը, չի ցանկանում խախտումով աշխատել, դրա համար առաջարկում է, որ քաղաքապետն իր հետ պայմանագիր կնքի, որպեսզի ինքը կազմակերպի այդ գործառույթը»:

Փոխքաղաքապետի խոսքով՝ դա արդեն լրիվ այլ ընթացակարգ է, որտեղ օրենքը նախատեսում է, որ քաղաքապետը պետք է կազմակերպի ավտոկայանատեղիների աշխատանքը, իսկ Տարոն Գասպարյանը ծառայություն մատուցի տեղական տուրք հավաքելու առումով: «Այսինքն` միեւնույնն է տեղական տուրքը մուծելու է համայնքային բյուջե, սակայն ինքն իր շահույթն է ունենալու: Սակայն այս դեպքում քաղաքապետարանը պետք է մրցույթ հայտարարի: Տարոն Գասպարյանը պետք է մասնակցի այդ մրցույթին եւ, եթե հաղթող ճանաչվի իր հետ կկնքվի պայմանագիր: Հիմա կանխավ որոշել, որ նա հաղթող կճանաչվի դա փափուկ ասած օրենքի խախտում կլինի»,- պարզաբանեց Գուրգեն Մալխասյանը:

Դիտարկմանը, թե տպավորություն է  ստեղծվում, որ այս ամենը Վարդան Ղուկասյանի դեմ է, նա արձագանքեց. «Վարդան Ղուկասյանն ընդամենը 99 տարով հող է տրամադրել կառուցապատման նպատակով»: