Այնքան գազի գնի բարձրացումը չի ազդի մեր գործունեության վրա, որքան հոսանքի թանկացումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Նրա խոսքով՝ գազի ծախսը մետալուրգիայում է  բարձր լինում, իսկ լեռնահանքային ձեռնարկություններում հիմնականում հոսանք  է օգտագործվում: «Մեզ վրա մեծ ազդեցություն կունենա էլեկտրական հոսանքի թանկացումը»,- ասաց գործարարը:

Հարցին, թե էլեկտրական հոսանքն էլ են պատրաստվում թանկացնել, նա արձագանքեց. «Դե այդպիսի խոսակցություններ կան»:

Խոսելով գազի գնի թանկացման պատճառահետեւանքային բացասական հետեւանքներից, Հակոբյանը նշեց, որ գազի թանկացումը լարվածություն կառաջացնի, բայց պետք է գործատուները զբաղվեն, որ այլընտրանքային հարցեր լուծեն, որպեսզի դա ինչ-որ ձեւով փոխհատուցվի: «Օրինակ, այլ ծախսերով, թեկուզ ջրով, էլեկտրաէներգիայի արտադրությամբ կամ գազի օգտագործման պակասեցմամբ: Տարբեր տարբերակներ կան, դա չես կարող մեկ կամ երկու նախադասությամբ ասել: Գործարարները ներկա պահին պետք է մտածեն, թե ինչպես թանկացումը կոմպենսացնել, քանի որ թանկացումն անխուսափելի է»:

Մաքսիմ Հակոբյանի խոսքով՝ այն գործարարները, որոնց ձեռնարկությունները գազով են աշխատում, բնականաբար, իրենց արտադրանքի ինքնարժեքը կթանկացնեն: Բայց պայքարել գազի գնի թանկացման դեմ, նա ռեալ չի համարում:  Հարցին, թե իր ընտանեկան բյուջեի վրա գազի թանկացումը կազդի՞, թե՝ ոչ գործարարը պատասխանեց, որ չի կարող ազդել: « Իմ աշխատավարձն ու եկամուտները այնքան բարձր են, որ մեր ընտանեկան բյուջեի վրա դա չի կարող ազդի: Ես շատ բարձր աշխատավարձ եմ ստանում եւ եկամուտներ ունեմ, հետեւաբար դա շատ չնչին բան է ինձ համար: Բայց դա կազդի այն մարդկանց վրա ովքեր քիչ աշխատավարձ են ստանում»,- ավելացրեց Մաքսիմ Հակոբյանը: