Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրպարակած տեղեկանքի՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները նվազել են 12 տոկոսով: Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են ավելի քան 35 տոկոսով: Սա ոչ մի կերպ չի համընկնում մեր բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունների հետ, թե Հայաստանում ներդրումային միջավայրը գնալով բարելավվում է: Չի կարող որեւէ երկրում այդ միջավայրը «գնալով բարելավվի», իսկ ներդրումները գնալով նվազեն:

Նկատենք, որ անցած տարի էլ, նախանցած տարվա համեմատ, օտարերկրյա ներդրումները, պաշտոնական տվյալներով, նվազել էին 8 տոկոսով: Սակայն, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները այլեւս չեն կարող համարվել արժանահավատ: Խնդիրն այն է, որ 2012 թվականի վերջին եռամսյակում բացահայտորեն հավելագրվել էր 200 միլիոն դոլարի ներդրում, որը իբր ֆրանսիացիները կատարել էին հեռահաղորդակցության ոլորտում, ինչը, սակայն, սուտ դուրս եկավ: Այնպես որ կարելի է պնդել՝ օտարերկրյա ներդրումներն ավելի են պակասել, քան ներկայացվում է պաշտոնապես»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):