Ստամբուլի կենտրոնում գտնվող «Գեզի» այգու շուրջ ծավալվող իրադարձություններն ընդլայնվում են ամբողջ Թուրքիայի տարածքով: Թուրքիայի մի շարք քաղաքաներում ի պաշտպանություն «Գեզի» այգու, իրականացվում են բողոքի գործողություններ, որոնք բիրտ միջոցներով են ճնշվում ոստիկանության կողմից:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` մայիսի 31-ի վաղ առավոտյան ոստիկանության գրոհը այգին պահպանել ցանկացող քաղաքացիների դեմ շարունակել է ողջ օրվա ընթացքում: Օրվա ընթացքում մի շարք հասարակական կազմակերպություններ, հայտնի քաղաքական, հասարակական եւ մշակույթային գործիչներ, տեսնելով քաղաքացիների դեմ կիրառվող դաժան մեթոդները, միացել են այգին պահպանող քաղաքացիներին եւ դիմադրել ոստիկանների հարձակումներին:

Մայիսի 31-ի երեկոյան այգին պահպանել ցանկացող քաղաքացիների դեմ ոստիկանությունը նոր ուժեղ գրոհի է անցել` օգտագործելով ուղղաթիռներից արցունքաբեր գազի ռումբեր գցելու մեթոդը: Գիշերվա ընթացքում ոստիկանները մարդկանց վրա կրակել են պլաստմասե փամփուշտներով եւ ծեծել մահակներով:

Չնայած ոստիկանության դաժան միջոցներին, հունիսի 1-ի վաղ առավոտյան քաղաքացիների նոր խմբեր են շարժվում դեպի «Գեզի» այգի, որոնց դեմ արդեն ոստիկանությունը սկսել է գործողություններ իրականացնել:

Նշենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու եւ ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։