Երեւանում, հունիսի 2-5-ին, կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ-ն՝ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատանի երաժիշտ կատարողների 3-րդ միջազգային փառատոնին մասնակցում են մինչեւ 18 տարեկան 40 շնորհալի երաժիշտներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից: Փառատոնի մասնակիցները երեւանյան ունկնդրին կներկայանան նվագախմբային եւ մենանվագ կատարումներով:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը 18:00-ին՝ Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան):

Հունիսի 3-ին եւ 4-ին, ժամը 18:00-ին երեւանյան հանդիսատեսը նույն համերգասրահում կունկնդրի պատանի երաժիշտների մենանվագ կատարումները:

Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա հունիսի 5-ին, ժամը 18:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան):

Փառատոնային օրակարգը կներառի նաեւ մասնակիցների համար մշակութային ծրագիր (այցելություններ Երեւանի մշակութային օջախներ, հուշարձաններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին):