«Համահայկական գիտական խորհուրդ» (ՀՀԳԽ) ՀԿ-ն շուկայական հարաբերություններին հատուկ գիտահամալսարանական համակարգի բարեփոխման ծրագիր է մշակել եւ հրավիրում է քննարկման:
Այս առնչությամբ կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.
«Ուղեցույց ընդունելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ հնչեցված երկրի կառավարման համակարգի բարեփոխման վերաբերյալ ծրագրային դրույթը եւ այն, որ երկրում առանց բարձր գիտակրթական մակարդակ ապահովելու հնարավոր չէ իրականացնել արդյունավետ կառավարում` ենթադրվում է, որ այդ գործընթացի սկիզբ կծառայի ՀՀ գործող շուկայական հարաբերություններին խորթ ու կործանիչ գիտահամալսարանական համակարգի բարեփոխումը:
Հայաստանի գիտահամալսարանական համակարգի ներկայիս օրհասական վիճակը խոսուն ապացույցն է այն բանի, որ խորհրդային կարգերից ժառանգված եւ տեղային խմբակային բնույթ ստացած գիտավարչական համակարգը (ԳԱԱ-ԿԳՆ) անընդունակ է շուկայական հարաբերությունների պայմաններում իրականացնել ազգանպաստ գիտահամալսարանական քաղաքականություն:
Ուստի «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ-ն (ՀՀԳԽ) ՀՀ նախագահի` նշված ուղերձի կյանքի կոչմանը աջակցելու նպատակով համազգային գիտական ներուժի եւ միջազգային փորձի օգտագործմամբ մշակել է շուկայական հարաբերություններին հատուկ գիտահամալսարանական համակարգի բարեփոխման ծրագիր, որի հայեցակարգային դրույթները կքննարկվեն «ՀՀԳԽ» նախագահության բաց նիստում` սույն թվականի հունիսի 6-ին ժամը 14:00-ին Բժշկակենսագիտության միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի նիստերի դահլիճում (Ավան, Աճառյան 31):
Հաշվի առնելով քննարկվող հարցի խիստ կարեւորությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` նշված նիստին հրավիրում ենք ՀՀ գիտության զարգացման հարցերով շահագրգիռ եւ միջազգային գործընթացներին քաջատեղյակ բոլոր գիտնականներին` անկախ նրանց կուսակցական, ազգային եւ քաղաքացիական պատկանելությունից:
«ՀՀԳԽ»-ն հայտնում է իր պատրաստակամությունը նման քննարկում անցկացնելու նաեւ պետական եւ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ անհատական գիտնականների կողմից ներկայացված ծրագրի այլ տարբերակների վերաբերյալ:
«ՀՀԳԽ» նախագահությունը հրավիրում է ԳԱԱ նախագահությանը եւ ԿԳ նախարարությանը ներկայացնելու իրենց տեսլականները ՀՀ գիտահամալսարանական համակարգի բարեփոխման, ինչպես նաեւ «ՀՀԳԽ»-ի կողմից ներկայացվող ծրագրային դրույթների վերաբերյալ:
ՀՀ եւ արտերկրում ապրող այն գիտնականները, ովքեր ի վիճակի չեն մասնակցելու նշված նիստին եւ ցանկություն ունեն հայտնելու իրենց նկատառումները եւ առաջարկությունները քննարկվող հարցերի վերաբերյալ, կարող են այն իրականացնել մինչեւ սույն թվականի հունիսի 20-ը էլեկտրոնային հաղորդման միջոցներով ստորեւ բերված հասցեներով:
Նշված նիստում կկազմավորվի աշխատանքային խումբ (բաց մասնակցությամբ), որը կմշակի բոլոր առաջարկությունները եւ ծրագրի վերջնական տարբերակը լայն քննարկումից եւ միջազգային փորձագիտությունից հետո միայն կներկայացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«ՀՀ ԳԽ» կողմից ներկայացվող ծրագրային գլխավոր դրույթներն են.
1. ՀՀ ԳԱԱ հանդիսանում է երկրի գիտական փորձագիտության բարձրագույն մարմինը:
2. ՀՀ նախագահին կից ստեղծված Ազգային գիտական խորհուրդը (ԱԳԽ) հանդիսանում է երկրի գիտատեխնիկական քաղաքականություն մշակող բարձրագույն պետական մարմինը:
3. Ներկայիս ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն վերակազմավորվում է ՀՀ Կառավարությանը կից Բուհական կրթության եւ գիտության կոմիտեի (ԲԿԳԿ), որը կհանդիսանա ԱԳԽ որոշումները կյանքի կոչող պետական գործադիր մարմին:
4. ՀՀ-ում գործող բոլոր գիտահետազոտական հաստատությունները եւ համալսարաններն իրենց մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի գիտակրթական գործընթացներով ինտեգրացվում են երեք գիտահամալսարանական կենտրոնների մեջ ` Կենսագիտության, Ճշգրիտ գիտությունների եւ Հումանիտար գիտությունների` պահպանելով իրենց ներկայիս իրավական կարգավիճակները:
5. Գիտական աստիճանների շնորհման գործընթացը վստահվում է միայն վերը նշված երեք գիտահամալսարանական կենտրոնների գիտական խորհուրդներին:
6. ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ը վերանում է` որպես ազատ տնտեսական հարաբերություններին խորթ, կոռումպածին եւ գիտության բնականոն զարգացմանը խոչընդոտող կառույց:




























