Մայիսի 31-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ռուբինյանց փողոցի սկզբնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա Հովհաննես  Է.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, նա իր «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով 48-ամյա մի կնոջ Ռուբինյանց փողոցում գտնվող  սուպերմարկետի մոտից  տեղափոխել է նույն փողոցի թիվ 2/2 շենքի բակ, եւ մինչեւ կինը փորձել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը` իրեն պատկանող 4 տոպրակները վերցնելու, Հովհաննես  Է.-ն ավտոմեքենայով դիմել է փախուստի` հափշտակելով դրանք:

Կատարվում է նախաքննություն:

Նույն դեպքին անդրադարձել է նաեւ «Հայկական ժամանակ» թերթը, որը խոսել է տաքսու վարորդի հետ:

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ կեսգիշերին մոտ խմբագրությունն ահազանգ է ստացել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղի ունեցած մի դեպքի մասին: Այստեղ բռնության է ենթարկվել, ապա հիվանդանոց տեղափոխվել 53-ամյա Հովհաննես Էլոյանը: Վերջինս ոստիկանությունում է հայտնվել մի աննշան դիպվածի պատճառով: Էլոյանը մասնավոր տաքսիստ է: Ժամը 16-ին մոտ Զեյթունում գտնվող «Երեւան Սիթիի» մոտ մի կին կանգնեցրել է Էլոյանի տաքսին: Սուպերմարկետի աշխատակիցը իրերը դրել է մեքենայի բեռնախցիկը, իսկ ուղեւորուհին նստել մեքենան ու շարժվել են: Տեղ հասնելով՝ կինը վճարել է ուղեվարձը, շնորհակալություն հայտնել եւ մոռանալով իր իրերը մեքենայի բեռնախցիկում, հեռացել: Իրերի մասին մոռացած է եղել նաեւ վարորդը: Մոտ մեկ ժամ անց նրան զանգահարել են, ասել, որ իրեր են մնացել բեռնախցիկում եւ առաջարկել գնալ նույն սուպերմարկետի մոտ: Այդ ժամանակ Էլոյանը թոռնուհուն պարի պարապմունքից տուն տանելիս է եղել: Շուտով նա մոտեցել է խանութին: Այստեղ նրան ասել են, թե իրերի տերը հիմա կգա, կվերցնի: Սակայն Էլոյանը հիշելով, թե ուր էր տարել հաճախորդին, գնում է հենց տան բակ: Այստեղ կանգնած են լինում այդ կինը եւ եւս երկու երիտասարդ, որոնք չեն թողնում, որ իրերը նա իջեցնի ու մեքենայով հանդերձ նրան տանում են ոստիկանության բաժին: «Հենց ներս մտա կաբինետ, դռան մոտ կանգնած քաղաքացիական հագուստով մեկը հայհոյելով հարձակվեց ու խփեց ինձ»,- մեր հետ զրույցում պատմեց Էլոյանը: Վերջինս սրտի հիվանդություն ունի, որը նյարդային այդ իրավիճակից սրվել էր: Շտապօգնության մեքենա են կանչել, որին, սակայն, երկար ժամանակ թույլ չեն տվել Էլոյանին տեղափոխել հիվանդանոց»: