Բաքվում Թուրքիայի դեսպանատան դիմաց, այսօր՝ հունիսի 1-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Ստամբուլում տեղի ունեցող ցույցերի:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները դատապարտել են խաղաղ ցուցարարների նկատմամբ Թուրքիայի ոստիկանության բռնի գործողությունները:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերաբերմունք է արտահայտել Ստամբուլում ընթացող հանրահավաքների վերաբերյալ: Նա Թուրքիայի արտահանողների Մեջլիսի համագումարում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ նրանք, ովքեր դժգոհ են կառավարությունից, իրենց դժգոհությունը պետք է արտահայտեն իրավական ճանապարհով:

«Ընտրություններից դուրս նպատակների ձգտումը ժողովրդավարության դեմ է գործում: Այս երկրում յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն արտահայտել, բայց ոչ ոք իրավունք չունի անօրինական ակցիաներ իրականացնել, վնասել անցորդներին եւ լարվածություն ստեղծել երկրում»,-ասել է նա:

Էրդողանը համոզմունք է հայտնել, որ այդ ցույցերի հիմքում ոչ թե 5-10 ծառերի համար պայքարն է, այլ ընդդիմության ու որոշ ապօրինի կազմակերպությունների խաղն է: «Թաքսիմի հրապարակում գործողությունները կշարունակվեն: Ոստիկանությունը երեկ եղել է այնտեղ, կլինի այսօր եւ նաեւ վաղը»,-ասել է նա:

Էրդողանը հայտարարել է, որ Աթաթուրքի մշակութային կենտրոնը նույնպես քանդվելու է Տաքսիմ հրապարակում նախագծի իրականացման ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով կան զոհեր եւ բազմաթիվ վիրավորները:

«Եթե նրանք 20 հազարանոց հանրահավաք անեն, մենք 200 հազարանոց կանենք: Եթե նրանք 100 հազար մարդ հավաքեն, մենք միլիոն կհավաքենք: Թող մեզ չստիպեն այդպես վարվել»,-սպառնացել է Էրդողանը: