Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Յանիս Դրագասակիսի հետ քննարկել է ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Հունաստանի խորհրդարան ներկայացված այլատյացության եւ ցեղասպանության ու Հոլոքոստի ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին:
«Իմ հույն գործընկերոջ հետ զրույցում ես նշեցի, որ նման օրինագծերի ընդունումը շատ կարեւոր է ապագայում ցեղասպանությունների կանխարգելման եւ ռասիզմի դրսեւորումների դեմ պայքարի գործում»,-ընդգծեց Շարմազանովը:
Նա նաեւ ավելացրեց, որ նման օրինագծերի հետեւանքը կլինի այն, որ կողմերն աստիճանաբար կհրաժարվեն ժխտումից:
Նշենք, որ Հունաստանում խորհրդարանական խոշոր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, որը ղեկավարում է վարչապետ Անտոնիս Սամարասը, խորհրդարան է ներկայացրել ցեղասպանության եւ Հոլոքոստի ժխտումն ու այլատյացություն դրսեւորումները քրեականացնող օրինագիծ:
Օրինագիծը քրեական պատիժ է նախատեսում Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների հանցագործություններին Հոլոքոստի թերագնահատման կամ դրանք հավանության արժանացնելու դեպքում: Նրանք, ովքեր հրապարակավ, մամուլի, համացանցի կամ ցանկացած այլ միջոցով կաջակցեն այդ հանցագործություններին, կենթարկվեն երեք ամսից մինչեւ երեք տարի ազատազրկման եւ 5- 20 հազար եվրո տուգանքի: Իրավաբանական անձինք կենթարկվեն 10-100 հազար եվրո տուգանքի:
Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը 1996 թ-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:




























