Ռուսաստանի համար խնդիրը ոչ թե Վրաստանի կառավարությունն է, այլ Վրաստանի գոյությունը որպես պետություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ իր հատուկ հեռուստաուղերձում:

«Ռուսաստանի համար խնդիր էին Գամսախուրդիան, Շեւարդնաձեն, խնդիր էր իմ կառավարությունը: Ռուսաստանի համար խնդիր է նաեւ ներկա կառավարությունը, որովհետեւ խնդիրը կառավարության մեջ չէ: Ռուսաստանի համար խնդիր է Վրաստանի գոյությունը որպես պետություն»,-հայտարարել է երկրի նախագահն ու հավելել. «Հարցն այն է, թե ինչպիսին կլինի մեր պատասխանը մեր օբյեկտիվ իրականությանը»:

Անդրադառնալով Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ սահմանազատման խնդրին, Սահակաշվիլին նշել է, որ «Ռուսաստանի կողմից օկուպացիոն գծի տեղափոխումով մենք կորցնում ենք վերահսկողությունը հազարավոր հեկտար հողերի նկատմամբ» եւ ու դա «մեր երկրի ինքնիշխանության հարցն է»:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը հետեւում է իր պլանին: Նրա համար մեկ է, թե ինչ գործողություններ կձեռնարկի Վրաստանի իշխանությունը: Ես ճիշտ եմ համարում  Վրաստանի կառավարության դիրքորոշումը, որ մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք եւ չտրվենք սադրանքների»,-հայտարարել է նախագահը:

«Կարծում եմ, որ այդ սադրանքներով Ռուսաստանը փորձում է Վրաստանի նոր կառավարության ամրությունը, Վրաստանի միասնությունը, քաղաքական ուժերի միասնությունն ու համախմբվածությունը թեկուզ այսպիսի առանցքային հարցերի շուրջ»,-ընդգծել է Սահակաշվիլին:

Նա նշել է, որ շատ է ցանկանում, որ Վրաստանի նոր կառավարությունը հաջողակ լինի, որովհետեւ դա կլինի Վրաստանի հաջողությունը, փրկությունն ու ուժեղացումը: «Դրա համար ես իմ ձեռքն եմ մեկնում Վրաստանի կառավարությանը եւ առաջարկում համատեղ աշխատել ռազմավարական անվտանգության բոլոր հարցերում»,-ամփոփել է նախագահը: