Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նամակով շնորհակալություն է հայտնել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ կարկտահարությունից տուժածներն օգնելու համար 20 մլն դրամ փոխանցելու համար:

Նամակում ասվում է.

«Շնորհակալություն ոստիկանությանը` օպերատիվ արձագանքի եւ մարդասիրական վերաբերմունքի համար». նամակ ՀՀ գյուղատնտեսության նախարարից.

Մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած արմավիրցիներին աջակցելու նպատակով, պետական աննախադեպ օժանդակությանը զուգահեռ, մենք հանդես եկանք կոչով` բարոյական եւ նյութական օգնություն ցուցաբերել տուժածներին:

Ոստիկանությունն առաջիններից էր, որ արձագանքելով մեր կոչին՝ կարկտահարությունից տուժած գյուղացիների աջակցման համար բացված հիմնադրամին փոխանցեց ավելի քան 20 միլիոն դրամ:

Մենք շնորհակալություն ենք հայտնում օրեցօր բարեփոխվող մեր ոստիկանությանը` իրեն հատուկ օպերատիվ արձագանքի եւ մարդասիրական վերաբերմունքի համար:

Հայրենի ոստիկանը կանգնելով տուժած արմավիրցիների թիկունքին՝ մեկ անգամ եւս ապացուցեց, որ մեր պետության ու նրա բոլոր քաղաքացիների պաշտպանն է` ցանկացած իրավիճակում, մեկը` մեզնից»: