Թուրքական Taraf թերթի կողմից հունիսի 12-ին հրապարակած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի իսլամական միության վերացման պլան" նախագծի փաստաթղթի տակ ստորագրության հեղինակ ծովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեքի վիճակը աննախանձելի է: Ոստկանության փորձագիտական լաբորատորիայի կողմից հաստատվել էր, որ հիշյալ փաստաթղթի ներքո ստորագրությունը պատկանում է Դուրսուն Չիչեքին: Եւ ահա այս անգամ արդեն ժանդարմերիայի փորձագիտական լաբորատորիան էլ նույն պնդումն է անում:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը դիմել է դատարան գնդապետ Չիչեքին կալանելու պահանջով, սակայն մարտի 1-ին զինվորական դատարանը մերժել է կալանման պահանջը: Ավելի ուշ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել այս գործի կապակցությամբ եւ նշել, որ հետաքննությունը շարունակվելու է:

Նշենք, որ 2009 թվականի Taraf-ի հունիսի 12-ի համարում տպագրել էր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի իսլամական միության վերացման" փաստաթուղթը (ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիրը)՝ գնդապետ Դուրսուն Չիչեքի ստորագրությամբ: Փաստաթղթում ներկայացվում էր, որ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում մշակվել է ծրագիր, որով պետք է վերացվեր Էրդողանի կուսակցությունը եւ Գյուլենի իսլամական միությունը, քանի որ նրանք աշխարհիկ Թուրքիան փորձում են վերածել իսլամականի:

Այդ փաստաթուղթը լուրջ լարվածության առիթ էր հանդիսացել Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Սակայն զինվորականությունը պնդում էր, որ փաստաթուղթը կեղծ է եւ ստորագրությունն էլ չի պատկանում Դուրսուն Չիչեքին: Իսկ Դուրսուն Չիչեքը երկու անգամ ձերբակալվել եւ շատ կարճ ժամանակ անց ազատ է արձակվել: Ավելի ուշ հայտնվել էր մի սպա, ով դատախազությանն էր հանձնել այդ փաստաթղթի իրական տարբերակը: