Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ Զոուբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել քաղաքական ապաստան գտնել Քաթարում, հրաժարական տալ եւ լքել երկիրը:  Ըստ Ազ Զոուբիի` Քաթարը, հնարավոր է, եւ ընդունի Էրդողանին: 

Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է, որ Ազ Զոուբին թուրքական իշխանություններին կոչ է արել ազատել քաղբանտարկյալներին՝ նշելով, որ Էրդողանի կառավարությունը ոչ մի հիմք չունի ձերբակալելու խաղաղ ցուցարարներին:  Նա լրագրողներին հայտնել է, որ թուրք ժողովրդի նկատմամբ բռնության կիրառումը  Էրդողանի սխալն է: Սիրիացի նախարարը հավելել է, որ Էրդողանը դեռ հնարավորություն ունի դադարեցնել բռնությունը Թուրքիայում. հարգելով իր ժողովրդի կամքը` նա պետք է հրաժարական տա:

Նշենք, որ վերջին օրերին Սիրիայի պետական լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում են զանգվածային անկարգությունները, որոնք ընդգրկել են Թուրքիայի 67 քաղաքներ, այդ թվում` Անկարան եւ Ստամբուլը: Նրանք շեշտը դնում են հակակառավարական ցույցերի մասնակիցների պահանջների արդարացիության եւ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման վրա:

Էրդողանի կառավարության դեմ զանգվածային ցույցերն ամենից շատ լուսաբանում է Սիրիայի պետական հեռուստատեսության լուրերի թուրքերեն թողակումը, որն ամեն օր եթեր է հեռարձակվում  Անկարայի ժամանակով 19.30-ին` Թուրքիայի պետական  «TRT-1» ալիքի լուրերի գլխավոր թողարկման հետ միաժամանակ: