Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, դրական առաջընթաց չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ վերջինս միացված է արհեստական շնչառության ապարատին, բայց կոմայի մեջ չէ, լսում է, հասկանում է, խոսում է:

Արտակ Բուդաղյանին մի անգամ արդեն վիրահատել են, բայց չի բացառվում, որ նորից վիրահատական միջամտության կարիք լինի:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան:

Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Արտակ Բուդադյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր կայուն է, Նիկոլայ Աբրահամյանի վիճակը` կայուն ծանր:

Դեպքի կապակցությամբ կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է: Գործի քննությունն իրականացնելու է զինվորական դատախազությունը: Ձերբակալվածների թվում է նաեւ Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ով, ի դեպ, ոչ վաղ անցյալում եւս հայտնվել էր սկանադալյին միջադեպի կենտրոնում, սակայն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել