Թե ստեղծվող եվրասիական տնտեսական կառույցը, թե եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը էապես սամանափակելու են Հայաստանի ինքնիշխանությունը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Հայազն» կուսակցությունը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Տիգրան Սարգսյանի մինսկյան հայտարարությունները վերստին օրակարգային դարձրեցին Եվրասիական կամ, որպես դրա այլընտրանք, Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու հարցը:

Այս համատեքստում վերպետական կառույցներից որեւէ մեկում Հայաստանի ներառվելը ներկայացվում է անխուսափելի: Սակայն, թե ստեղծվող եվրասիական տնտեսական կառույցը, թե եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը էապես սամանափակելու են Հայաստանի ինքնիշխանությունը:

Մոսկվայի եւ Բրյուսելի խաչաձեւ ճնշմանը հնարավոր է դիմակայել միայն հայակենտրոնության դիրքերից: Իսկ բոլորին հաճոյանալու իշխող վարչախմբի ձգտումը վաղ թե ուշ հանգեցնելու է ճնշման կոշտացման:

«Հայազն» կուսակցությունը հանդիսանալով ազգային ինքնիշխանության բացարձակության սկզբունքի անվերապահ եւ հետեւողական պաշտպան, եւս մեկ անգամ հաստատում է իր հավաքական պատրաստակամությունը բոլոր հասու միջոցներով պաշտպանել այն ցանկացած հնարավոր ոտնձգությունից»: