Թուրքիայում օրեր շարունակ ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ ընթացող բախումները անդրադարձել են Ստամբուլի բորսայում տեղի ունեցող գործարքների վրա։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ հունիսի 3-ին, Ստամբուլի բորսայի բացվելուն պես բոլոր ինդեքսները կտրուկ անկում են գրանցել, իսկ դոլարը ռեկորդային բարձր ցուցանիշ գրանցել։
Թուրքական ընկերությունների արժեքը 30 վայրկյանում պակասել է 50 մլրդ լիրայով (28 մլրդ դոլար)։ Դոլարի գինը հասել է 1,9 լիրայի, որը վերջին ամիսների համար ռեկորդային է համարվում։
Նշենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու եւ ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։
Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների:




























