Սկսվել է հունիս ամսվա կենսաթոշակների վճարումը, որի ժամանակ հնարավոր են դեպքեր, երբ կենսաթոշակատուների անունները դուրս մնացած լինեն կենսաթոշակների վճարման ցուցակներից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Դիմումում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի կենսաթոշակառուներ,
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սկսվել է հունիս ամսվա կենսաթոշակների վճարումը: Միաժամանակ Հայտնում ենք, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունում տեխնիկական վերազինման եւ կենսաթոշակների վճարման ցուցակների ձեւավորման գործընթացի վերակազմակերպման աշխատանքների հետեւանքով, տեղեկատվության կանոնակարգման եւ ճշգրտման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ շահառուների անունները դուրս մնացած լինեն կենսաթոշակների վճարման ցուցակներից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայցում է կենսաթոշակառուների ներողամտությունը եւ հայտնում, որ առկա տեղեկատվությունը կանոնակարգելուց եւ ճշգրտելուց հետո այս ամսվա ընթացքում վճարման ծառայություններ իրականցնող կազմակերպություններին կփոխանցվեն կենսաթոշակների վճարման լրացուցիչ ցուցակներ»:




























