Թեեւ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը տնտեսական համակարգում կարող է խնդիրներ առաջացնել վճարունակության եւ վարկունակության հետ կապված, հայաստանյան բանկերը կարող են կլանել այդ ռիսկերը, քանի որ լավ կապիտալիզացված են: Այդ մասին այսօր` հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով` այս պահի դրությամբ բանկերը կարող են դիմակայել բոլոր նմանատիպ ռիսկերին, ինչի վկայությունն են բանկերի շրջանում անցկացվող սթրես-թեսթերը: Ըստ Ա. Գրիգորյանի, եթե անգամբ բանկերի չաշխատող ակտիվների 30%-ը միանգամից դուրս գրվի (սա սթրես-թեսթերում դիտարկվում է որպես վատագույն սցենար)` բանկերում կապիտալի համարժեքությունը կմոտենա իր նվազագույն թույլատրելի սահմանին:

Ա. Գրիգորյանը նշեց, որ բանկերի համարժեքության նորմատիվը ներկայում հասնում է 17%-ի, այնինչ սահմանային մակարդակ է դիտարկվում 12%-ը:

Նշենք, որ համարժեքության նորմատիվն արտահայտում է ընդհանուր կապիտալի եւ ռիսկով կշռված ակտիվների թույլատրելի հարաբերակցությունը: