Աստրախանում ուսանողներին կասկածում են ազգային հողի վրա ատելություն հրահրելու մեջ: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել բնակարան ապօրինի ներխուժման,  ծեծի ենթարկելու եւ ազգային թշնամանք հրահրելու համար: 

Գործի մասնակիցներն են Աստրախանի պետական տեխնիկական համալսարանի ուսանողներ 19-ամյա Մինկայիլ Դաուդովը եւ 18-ամյա Ահադ Ալեքփերովը:  Քննիչի միջնորդությամբ կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտնում է «Աստրախան FM»-ը:

Ըստ քննության տվյալի` ապրիլի  28-ին Դաուդովը եւ Ալեքփերովը հանրակացարանի սենյակում ոգելից խմիչք են օգտագործել: Որոշ ժամանակ անց հարբած ուսանողներն ապօրինաբար ներխուժել են երկու աղջիկների սենյակ: Աղջիկները  երիտասարդներին խնդրել են հեռանալ, սակայն  վերջիններս չեն արձագանքել: Վախեցած աղջիկները փախել են սենյակից եւ օգնության կանչել 23-ամյա հարեւանին:

Ալեքփերովը եւ Դաուդովը լքել են սենյակը, սակայն միջանցքում  երիտասարդի հետ վեճի  են բռնվել: Հարբած Ալեքփերովը կրկին ներխուժել է աղջիկների սենյակ եւ գլխով հարվածել նրանցից մեկի դեմքին: 

«Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ Դաուդովը չեչեն է, իսկ Ալեքփերովը` դաղստանցի: «Դուք կեղտոտ,  անհավատ խոզեր եք»,  - գոռացել է Դաուդովը եւ դա նրա ամենամեղմ արտահայտությունն է եղել: Կովկասցիները հանգստացել են միայն ոստիկանական բաժանմունքում:  «Սովորաբար նման դեպքերը դատարան չեն հասնում, սակայն այս անգամ գործը դատարան կհանձնվի: Բավական շատ ականատեսներ են եղել», - գրում է թերթը: