Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար Ջոնիկ Մարգարյանին աշխատանքից հեռացնելու միջնորդություն դեռեւս չի ներկայացվել Քաղծառայության խորհրդին, մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՔԾ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին նիստի ժամանակ հայտարարեց, որ Ձոնիկ Մարգարյանը թերացել է իր աշխատանքային պարտականություններում եւ վարչապետից, նախարարի միջնորդությամբ, նկատողություն ստանալուց հետո որեւէ շտկում չի արել, ինչից հետո առաջ է եկել աշխատանքից հեռացնելու հարցը, ինչի համար պետք է միջնորդություն ներկայացնեին Հանրային եւ Քաղծառայության խորհուրդներին:

"Վարչապետը հայտարարեց ընդամենը, որ թերացել է եւ պատշաճ ձեւով չի կատարել որոշ գործառույթներ: Օրենքով սահմանված կարգով Քաղաքացիական ծառայության խորհուրդ միջնորդություն կներկայացվի՝ համապատասխան հիմնավորմամբ: Խորհրդի կողմից կնշանակվի ծառայողական քննություն, որի արդյունքում կտրվի աշխատանքից ազատելու համաձայնություն կամ չի տրվի:

Իսկ ընդհանրապես, անցած տարվա ընթացքում ստացել են ծառայողական քննության երեք միջնորդություն, որից մեկի նկատմամբ տրվել է համաձայնություն, որը եղել է քաղաքաշինության նախարարության աշխատակից: Ըստ Բադալյանի՝ նույն գերատեսչության մի աշխատակցի միջնորդություն մերժվել է, մի միջնորդություն կասեցվել է՝ միջնորդությունը հետ վերցնելու պատճառով, ինչը նախատեսված է օրենքով: