«Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջ քաշած պահանջները, որպես այդպիսին, շատ ճիշտ են, այդ թվում նաեւ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ եւ դրանք կրկնում են նաեւ մեր պահանջները: Մենք համակարծիք ենք այդ հարցում»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
«Բայց ես նաեւ կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ, եթե վիճակն էլ ավելի չվատթարանա, իշխանությունը կփորձի այդ ամենից խուսափել եւ ոչինչ չի անի»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ-ն իր հանրահավաքում պահանջել է մարտ ամսվա ընթացքում միջազգային փորձագետների մասնակցությամբ անկախ հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի 2008 թ. դեպքերը, մինչեւ մայիս մրցույթ անցկացնել եւ եթեր վերադարձնել А1+-ը, ինչը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջներին, բարեփոխել ընտրական օրենսգիրքն ու հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ-ում անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:
Հարցին, թե հավանակա՞ն է համարում, որ ինչ-որ պայմանների դեպքում, ՀԱԿ-ի պահանջներից որեւէ մեկն իրականություն դառնա, Ա. Կարապետյանն ասաց. «Ես համոզված եմ, որ այս պահանջներից ոչ մեկը իշխանությունը կամովին չի կատարելու: Սակայն հնարավոր է, որ նա դրանք կատարի ոչ կամովին, քանի որ այսօր թելադրողը ո՛չ ընդդիմությունն է, ո՛չ էլ` իշխանությունը, այլ իրավիճակը»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի նախաձեռնությանը, ըստ որի նա պատրաստվում է գազի գնի բարձրացման հարցով դիմել դատարան` վիճարկելու այդ որոշման ընդունման իրավական եւ տնտեսական «ապօրինի» հիմքերը եւ արդեն ստորագրահավաք է սկսել այդ կապակցությամբ, ՆԺԿ առաջնորդն ասաց. «Ես կարծում եմ, որ գազի գնի հետ կապված խնդիրն ավելի շատ իշխանության գործառույթն է: Միշտ էլ ճիշտ է սոցիալական խնդիրներում փորձել օգնել ժողովրդին, բայց ես մի փոքր դժվար եմ պատկերացնում, որ ընդդիմությունը պետք է սրբագրի իշխանության սխալները: Եթե ընդդիմությունը իշխանության հետ պայմանավորված չէ, ոչ մի բան էլ պիտի չսպասենք այդ նախաձեռնությունից»:



















