Իրանի ատոմային ծրագրի խաղաղ բնույթն անհնար է հաստատել, քանի որ Թեհրանը չի համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ: Այդ մասին մարտի 1-ին հայտարարել է գործակալության նոր ղեկավար Յուկիո Ամանոն՝ Կառավարիչների խմբի խորհրդին հղած իր առաջին ուղերձում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք չենք կարող հաստատել, որ Իրանի բոլոր միջուկային նյութերը օգտագործվում են խաղաղ նպատակներով, քանի որ Իրանը գործակալության հետ համագործակցության հնարավորություն չի ընձեռում»,- ասել է Ամանոն:
Միաժամանակ, նույն այդ օրը Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին հայտարարել է, թե իր երկիրը լիակատար համագործակցում է ՄԱԳԱՏԵ-ի հետ՝ իր ատոմային ծրագրի հարցով, եւ այդ համագործակցությունն ապագայում շարունակվելու է:
Նրա խոսքով, իրանական ատոմային ծրագիրը միտված է խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործմանը, եւ երկիրը նախկինի պես շահագրգռված է ուրանի հարստացման գործում:



















