Թուրքիայում ծավալված բողոքի ցույցերը անառաջնորդ շարժում են: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի մամուլի ասուլիսում նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ նրա՝ զանգվածային բողոքի տարածման գործում կարեւոր դեր ունի նաեւ ներքին աջակցությունը. «Սխալ կլինի ներքաղաքական գործընթացներում բանակի դերը հաշվի չառնելը: Հարկ է նշել, որ թուրքական բանակն ուրախ է կատարվող իրադարձությունների համար», -նշեց Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ բնապահպանական կոչերը փոխարինվեցին քաղաքականով, եւ շարժումը բավական բազմակողմ ստացվեց:
Վարչապետ Էրդողանի ագրեսիվ պահվածքը, ըստ թուրքագետի, բացասական դեր ունեցավ. «Բողոքավորների թիվն ավելացավ, ցույցերը համաթուրքական բնույթ ստացան», - ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը՝ կարծիք հայտնելով, որ շարժումն, այնուամենայնիվ, աստիճանաբար կմարի: «Սակայն չի բացառվում, որ բնապահպանների մահը հանգեցնի շարժման ծավալմանը», - միաժամանակ նշեց թուրքագետը:
Հիշեցնենք, թուրքական լրատվամիջոցները հաղորդել են խռովությունների արդեն երկրորդ զոհի մասին
CNN-ը հայտնում է, որ տուժածների թիվը նվազագույնը 3195 է, որոնցից 25-ը ծանր վիճակում են:




























