«Եթե իմ գործընկերները ժամկետ նշել են, ապա ես, իհարկե, հարգանքով եմ վերաբերվում դրան։ Բայց պրոֆեսիոնալ քաղաքական գործիչն իրավունք չունի նշել ժամկետներ, իսկ հետո կաշկանդվել նշված ժամկետներում»,- մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:
Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ-ն իր հանրահավաքում պահանջել է մարտ ամսվա ընթացքում միջազգային փորձագետների մասնակցությամբ անկախ հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի 2008 թ. դեպքերը, մինչեւ մայիս մրցույթ անցկացնել եւ եթեր վերադարձնել «Ա1+»-ը, ինչը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջներին, բարեփոխել ընտրական օրենսգիրքն ու հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ-ում անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:
«Եթե Սերժ Սարգսյանը որոշի դառնալ իսկական նախագահ և համակարգային բարեփոխումներ անի՝ հասարակության հավատը իշխանության ինստիտուտի նկատմամբ վերականգնելու համար, դա թերևս ամենաճիշտ ճանապարհը կլինի, ես կընդունեմ։ Հիմա թե դա կանի ընտրության միջոցով, թե բարեփոխումների, ընտրությունն իրենն է։ Իշխանությունն ունի նոր որակի ձևավորման խնդիր։ Կա՛մ՝ նոր որակի իշխանություն, կա՛մ ներքին ճգնաժամն անխուսափելիորեն խորանալու է, որն ի վերջո հանգեցնելու է ֆորսմաժորային իրավիճակի»,- ընդգծել է նա:



















