Թուրքական Իզմիրում 24 բլոգերների են բանտարկել սոցցանցերում անկարգություններ հրահրելու եւ հակակառավարական քարոզչության համար:
DHA, գործակալությունը հայտնում է, որ ձերբակալվածները մինչեւ 25 տարեկան են: Եվս 14 բլոգերների նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ բլոգերների հակաիրավական գործունեության ապացույցը գտնվել է նրանց համակարգիչներում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Twitter-ը բնութագրել էր որպես պետության «անդորրը խաթարող» ապատեղեկատվության աղբյուր: «Սոցցանցերը խանգարում են հանրությանը», հարցազրույցներից մեկում ասել էր թուրքական կառավարության ղեկավարը, գրում է lenta.ru-ն:
Թուրքիայում խռովությունները սկսվել էին այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցրել էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակի զբոսայգու պաշտպաններին: Քաղաքացիները բողոքում էին ծառահատման դեմ, սակայն շուտով կոչերը քաղաքական երանգ էին ստացել՝ Էրդողանի հրաժարականի պահանջով:



























