Փետրվարի 28-ին Վանքուվերի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել 2010թ. Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկների՝ Քրիստինե Խաչատրյանի, Անի-Մատիլդա Սերեբրակյանի, Սերգեյ Միքայելյանի եւ Արսեն Ներսիսյանի մեծարման հանդիսավոր երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել Վանքուվերում բնակվող ավելի քան երկու հարյուր հայեր եւ օտարազգի հյուրեր:

Կանադայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը շնորհավորել եւ շնորհակալություն է հայտնել հայ մարզիկներին Օլիմպիական խաղերին Հայաստանը պատվով ներկայացնելու, սպորտային խառնվածք եւ օլիմպիական ոգուն նվիրվածություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող չորս մարզիկներն էլ խայտառակ կերպով ձախողել են բոլոր մրցումները: Մասնավորապես, Քրիստինե Խաչատրյանն ու Սերգեյ Միքայելյանն դահուկավազքում չեն կարողացել առաջ անցնել 70-րդ տեղից, իսկ Անի-Մատիլդա Սերեբրակյանն ու Արսեն Ներսիսյանը ցույց տված արդյունքների համար որակազրկվել են լեռնադահուկային սպորտի բոլոր մրցաձեւերում: