Բաթումում ձերբակալվել է հանցավոր մի խմբավորում, որը մասնագիտացել էր Ադրբեջանի, Թուքմենստանի, Ղազախստանի եւ Հայաստանի համար նախատեսված բեռների կողոպուտի մեջ: Վրաստանի սահմանադրական անվտանգության դեպարտամենտից հայտնել են, որ խումբը բաղկացած է եղել երկու ոստիկանից, «Վրաստանի երկաթուղի» ընկերության երկու աշխատակցից եւ նրանց գործընկերներից: Հանցագործ խմբավորումը գողանում էր հիմնականում տեխնիկա, շինանյութ, եւ այլ ապրանքներ:
Ձերբակալման ժամանակ ոստիկանությունը բռնագրավել է 1,5 միլիոն լարիի գույք: Այժմ ճշտվում է, թե ինչպիսին է եղել խմբի թալանածի իրական մասշտաբը: Հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Երեւանում ձերբակալվել էր վրացիներից բաղկացած հանցավոր մի խմբավորում, որը Երեւանում զբաղվում էր բնակարանների գողությամբ, իսկ հուլիսի 22-ին ավազակային հարձակում էր կատարել ՎՏԲ բանկի՝ Բաղրամյան փողոցում գտնվող մասանճյուղի վրա:



























