Քրդական փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը իր փաստաբանի հետ ներկայացել է դատախազություն եւ հատուկ իրավասություններով դատախազի մոտ բացատրություն է տվել։

Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ հարցաքննությունը վերաբերել է «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության 2008-ի 2-րդ արտահերթ համաժողովի ժամանակ Ահմեդ Թուրքի ելույթին։

Նշենք, որ Ահմեդ Թուրքի նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ «Ահաբեկչական կազմակերպության (PKK) օգտին քարոզչություն անել» մեղադրանքով։

Ի դեպ, 2009-ի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև 5 տարով արգելել է Ահմեդ Թուրքին ու հիշյալ կուսակցության ևս 36 անդամի՝ զբաղվել քաղաքականությամբ: Պատգամավորական մանդատից զրկվելուց հետո վերսկսվել են Ահմեդ Թուրքի և մյուս քուրդ գործիչների նկատմամբ դատական գործընթացները: