Հայաստան են հրավիրվել իսպանական «Իզոլյուքս Կորսան» եւ ֆրանսիական «Սոֆեժ» ընկերությունների ղեկավարները, որոնց ներկայացվել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ընթացքում հայտնաբերված աղաղակող խախտումները: Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին ՀՀ Ազգային Ժողովում 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը;

Նշենք, որ «Իզոլյուքս Կորսանը» ճանապարհաշինարարն է, իսկ «Սոֆեժն» իրականացնում է տեխնիկական վերահսկողություն:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ այս պահին պայմանագրի խզման հարց չի դրված, սակայն արտասահմանյան կազմակերպությունների առջեւ դրվել են որոշակի պահանջներ, որոնց չկատարման դեպքում չի բացառվում պայմանագրի խզումը:

Հ. Բեգլարյանը նշեց, որ իսպանական ու ֆրանսիական կազմակերպությունները աշխարհում հայտնի են, ունեն բարձր վարկանիշ, իսկ «Իզոլյուքս Կորսանը» աշխարհի 20 խոշոր ճանապարհաշինական կազմակերպություններից մեկն է:

Նշենք, որ «Հյուսիս- Հարավ» տրանսպորտային միջանցքի երկարությունը 556 կմ է՝ բետոնե ծածկույթով: Աշխատանքները պետք է ավարտվեն 2017 թ.: Ասիական զարգացման բանկի հետ կնքվել է շրջանակային համաձայնագիր՝ 500 մլն դոլարի չափով: Վարկի առաջին տրանշով հատկացվել է 60 մլն դոլար (կառավարության համաֆինանսավորումը՝ 10 մլն դոլար): Այս տրանշով պետք է կառուցվեն Երեւան-Աշտարակ՝ 11.3 կմ եւ Երեւան-Արարատ՝ 38 կմ հատվածները: