Այսօր՝ հունիսի 5-ին, Երեւանում, ավարտական արարողության ժամանակ, ԵԱՀԿ-ի աջակցությամբ կազմակերպված ոստիկանության ուսուցանողների երկամսյա դասընթացի մասնակիցներին վկայագրեր են շնորհվել:

Դասընթացը նախատեսված էր վերջերս հիմնադրված Ոստիկանության Կրթահամալիրի դասախոսական անձնակազմի համար եւ նպատակ ուներ բարձրացնելու կրթության որակը եւ ամրապնդելու նրանց կարողությունները, ովքեր ներգրավված են ուսումնական գործընթացի գնահատման մեջ:

«ՀՀ ոստիկանության հետ բարեփոխումների գործընթացում համագործակցությունը,  մեր գրասենյակի գերակայություններից մեկն է: Այս դասընթացը լավ օրինակ է, թե ինչպես է ԵԱՀԿ-ն տրամադրում գործնական աջակցություն՝ միջազգային չափանիշները ոստիկանության ծառայություն ներմուծելու համար», ասել է դեսպան Անդրեյ Սորոկինը՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը:

Դասընթացի ծրագիրը մշակվել է Միացյալ Թագավորությունից ԵԱՀԿ փոձագետի կողմից եւ իրականացվել ապրիլի 9-ից հունիսի 4-ը: Այն ներառել էր մի շարք փոխկապակցված դասընթացներ, որոնց կիզակետում էին ոստիկանական կրթության եւ  ուսուցման տեսությունը եւ ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝ գնահատման սկզբունքները եւ կիրառումը, ուսումնառության փուլերը, ուսումնառության համար ապահով միջավայրը, հաղորդակցության հմտությունները եւ արդյունավետ արձագանքը: Դասընթացի վերջին մասը նվիրված էր որակի ապահովման կիրառմանը ուսումնական գործընթացի արդյունավետ ղեկավարման շրջանակներում:

Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը նշեց. «Մենք կարեւորում ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պրոֆեսորադասախոսական կազմի համար ժամանակակից պահանջներին համապատասխան եւ առաջավոր փորձի փոխանակման շրջանակներում կազմակերպված դասընթացները՝ եվրոպական դասավանդման մեթոդների եւ եղանակների վերաբերյալ, քանի որ վստահ ենք, որ դա հետագայում կնպաստի առավել արդյունավետ դարձնելու ուսումնական գործընթացը»:

ԵԱՀԿ-ն աջակցում է ոստիկանական կրթության բարեփոխումներին 2010 թ.-ից, երբ ՀՀ կառավարությունը միջազգային լավագույն փորձին համապատասխան նոր  հայեցակարգ ընդունեց: