Այսօր` հունիսի 5-ին, տեղի է ունեցել ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների /ՀԶՆ/ արագացման գործընթացի շրջանակում մշակված «Երիտասարդների զբաղվածությունը Հայաստանում» զեկույցի շնորհանդեսը:
Հայաստանի ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ-ի ներկայացուցչության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, միջին մասնագիտական կրթության /ՄԿՈՒ/ եւ տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Արձանագրելով, որ աղքատության մակարդակը հատկապես գյուղական բանակավայրերում բավական բարձր է՝ մոտ 36 տոկոս, հետազոտության մեջ նշվում է, որ աղքատության ցուցանիշը համեմատաբար ցածր է բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում, մոտ 22 տոկոս, իսկ միջին մասնագիտական կրթությամբ անձանց շրջանում այն կազմում է մոտ 29 տոկոս: Մինչդեռ, ըստ նույն հետազոտության միջնակարգ կրթությամբ անձանց մոտ աղքատության ցուցանիշը կազմում է 42, 5 տոկոս: Որպես զբաղվածության բարձրացմանն ուղղված արդյունավետ լուծում առաջարկվում է խթանել համագործակցությունը կրթական կառույցների, մասնավոր եւ պետական հատվածների, գործատուների եւ աշխատանքային գործակալությունների միջեւ: Առաջարկվում է նաեւ ՄԿՈՒ ոլորտում ուսումնական պլանների վերանայում՝ աշխատաշուկայի պահանջներին միտված հմտությունների եւ կարողությունների զարգացում: Շեշտադրված է նաեւ երիտասարդներին՝ իրենց ձգտումներին եւ ունակություններին համապատասխան որակյալ կրթության հնարավորություններով ապահովելու պետական քաղաքականությունը, մասնավորապես հավասար պայմաններում մասնագիտական կրթության մատչելիության եւ որակի բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագիրը, այդ թվում ողջ կյանքի ընթացքում վերապատրաստման մատչելիությունն ու համաշխարհային ճանաչում ունեցող կրթական հաստատություններում տաղանդավոր ուսանողների՝ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների ապահովումը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախ երիտասարդների շրջանում գործազրկություն մակարդակը պայմանավորված է ոչ միայն աշխատատեղերի սղությամբ եւ ցածր աշխատավարձով, այլեւ երիտասարդ մասնագետների անբավարար գիտելիքներով: Այս համատեքստում կարեւորվում է մասնագիտական ճիշտ կողմնորշման հարցն ու ապագա մասնագետների իրենց ունակություններին համապատասխան եւ պահանջարկ ունեցող մասնագիտության ընտրությունը: Միջազգային հետազոտության մեջ նշվում է, որ գիտելիքահեն տնտեսությունը չի կարող ունենալ թույլ զարգացած կրթական համակարգ: Այդ ըմբռնումով կառավարությունը շարունակաբար իրականացնում է տարբեր միջոցառումներ եւ ծրագրեր կրթական համակարգը բարեփոխելու եւ երիտասարդ մասնագետներին աջակցելու նպատակով:
Կարեւորվել է, որ միջնակարգ կրթությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից: Պետբյուջեից է ֆինանսավորվում նաեւ բուհերում առաջադեմ ուսանողների որոշ մասի կրթությունը, կառավարությունը երիտասարդներին արտասահմանյան կրթօջախներում որակյալ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, տարբեր պետական հիմնադրամների կողմից իրականացվում են վերապատրաստումներ եւ այլն:
Անդրադառնալով կրթության ոլորտի բարեփոխումներին՝ արձանագրվել է, որ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն իրականացվել են Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համապատասխան: Մասնավորապես հաստատվել է բարձարագույն կրթության որակավորումների ազգային շրջանակը, մշակվել եւ հաստատվել է բուհերի ֆինանսավորման ռազմավարությունը, վերանայվել են մասնագիտական կրթական ծրագրերի արտոնագրման պայմաններն ու պահանջները, կարգավորվել է ուսանողների շարժունության հիմնահարցը, ներդրվել հետբուհական՝ հետազոտողի կրթական ծրագրի կրեդիտային համակարգը: Շեշտադրվել է, որ միջին մասնագիտական կրթության բարեփոխումների շրջանակում ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում ստեղծվել են 12 տարածաշրջանային քոլեջներ: Նորոգվել ու վերակառուցվել են այդ քոլեջների շենքերն ու կառույցները, ամբողջությամբ վերազինվել եւ նորացվել է նյութատեխնիկական բազան: 2006 թվականից ՀՀ-ում գործում է ՄԱԶԾ նախնական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագիրը, որի առաքելությունն է բարձրացնել երիտասարդների աշխատանքային հնարավորությունները: Նշվում է նաեւ, որ կրթության բնագավառում ստորագրված միջպետական համաձայնագրերով 2007-2011 թթ 742 երիտասարդ գործուղվել է արտասահման՝ բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու: «Լույս» կրթական հիմնադրամի ստեղծմամբ 43 երիտասարդ 2009-2010, 68-ըէ 2010-2011 եւ 143-ը՝ 2011-2012 ուսումնական տարում աջակցություն են ստացել՝ ուսանելու աշխարհի 25 լավագույն համալսարանենրում:




























