Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է: Այդ մասին «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ էր օրինական Սյունիքի մարզպետարանի կողմից հաղորդագրության տարածումը, որով ներկայացվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքի տեսագրության նկարագրությունը։
Սոնա Տռուզյանը հիշեցրել է, որ տվյալ դեպքով տեսագրությունը դեռ փորձաքննության փուլում է, եւ դրա ավարտից հետո է միայն հնարավոր խոսել դրա ամբողջականության եւ բովանդակության վերաբերյալ, ինչի վերաբերյալ լիազորված են խոսել վարույթն իրականացնող մարմինն ու դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը:
Հիշեցնենք, որ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետ Սուրեն Խաչատրյանի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը եւ տարածել դրա բովանդակության մասին։




























