Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան Դրագան Ժուպանյեւացը (նստավայրը` Աթենք):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա իր ծանրակշիռ ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ եւ դրա արդյունավետ իրացման ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր: Այդ առումով նա մեծ կարեւորություն է տվել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի` հուլիսի 28-ի մեկնարկելիք պաշտոնական այցին Հայաստան:
Նախագահը երախտագիտությամբ նշել է, որ հայ ժողովրդի համար դժվարին պահերին սերբ ժողովուրդը մշտապես աջակցության ձեռք է մեկնել. «Մենք երբեք չենք մոռանա 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալներին օգնության շտապող ավիավթարի զոհ դարձած հարավսլավացի օդաչուներին», -ընդգծել է երկրի ղեկավարը:
Դեսպան Ժուպանյեւացը վստահեցրել է, որ կանի առավելագույնը` երկու երկրների միջեւ համակողմանի փոխգործակցության զարգացման համար:




























