ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցավ Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մրցույթը հայտարարվել էր ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)  հարցերով խորհրդի կողմից` խրախուսելու համար այն լրագրողներին  եւ  հեղինակներին, ովքեր իրենց աշխատանքներում անդրադառնում են այդ երեւույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը:

«Վերջին տարիներին համակարգված աշխատանք է իրականացվել թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Մենք ունենք նկատելի հաջողություններ, բայց դրանք շատ ավելի շոշափելի կլինեն, եթե հասարակությունը եւս պատշաճ տեղեկացված լինի այդ երեւույթի մասին: Այդ իսկ պատճառով մենք կարեւորում ենք հանրության իրազեկման աշխատանքները եւ, կարծում ենք, այս մրցույթը եւս նպաստում է այդ խնդրի լուծմանը»,- իր խոսքում նշել է Արմեն Գեւորգյանը`վստահեցնելով, որ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերը շարունակվելու են կառավարության ուշադրության կենտրոնում գտնվել:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, մասնավորապես` ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի երեւանյան գրասենյակին` մրցանակաբաշխության կազմակերպման անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու, ինչպես նաեւ մասնագիտական ժյուրիին` կատարած աշխատանքի համար:

Խորհրդի նախագահն այնուհետեւ հավաստագրեր հանձնեց հաղթողներին: 

Մասնագիտական ժյուրիի որոշմամբ` «Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում  առաջին տեղին է արժանացել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը` «Թող հավատան, որ կյանքը սրանով չի ավարտվում» ռադիոնյութի համար, նույն անվանակարգում երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են  հեղինակներ Դիանա Ավետիսյանը ` «Սոցիալական ցանցերը կարող են դառնալ թրաֆիքինգի ցանցեր»  եւ  Անի Մանուկյանը`  «Ստրկությունից մինչեւ թրաֆիքինգ» տեսանյութերի համար, որոնք ցուցադրվել են «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

«Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում երկրորդ տեղն է  զբաղեցրել լրագրող Վահան Իշխանյանը` «Հայաստան. ստրկությունը 21-րդ դարում կամ թրաֆիքինգ» հրապարակման համար,  երրորդ մրցանակային տեղին արժանացել է «Երկիր»  պարբերականի լրագրող Աստղիկ Կարապետյանը` «Ուզում եմ թրաֆիքինգի զոհ դառնալ» նյութի համար: Մասնագիտական ժյուրին այս անվանակարգում առաջին տեղ չէր շնորհել:

Մրցանակային տեղերի համար սահմանված է նաեւ դրամական պարգեւ:

Նշենք, որ ժյուրիին ներկայացվել էր շուրջ 40 աշխատանք: Անցյալ տարի, երբ մրցանակաբաշխությունն անցկացվում էր առաջին անգամ, ներկայացվել էր շուրջ մեկ տասնյակ աշխատանք: Ըստ կազմակերպիչների` սա վկայում է լրագրողական շրջանում թեմայի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին: