ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին ուղղակիորեն հասանելի են համացանցային ինը խոշոր ընկերությունների սերվերները, որոնց թվում են Microsoft-ը, Yahoo-ն, Google-ը եւ Facebook-ը: Այս մասին հայտնում է ամերիկյան Washington Post թերթը:
Ըստ թերթի` կառավարական գաղտնի PRISM ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի ՀԴԲ-ն եւ ԱԱԳ-ն համացանցային հսկաների սերվերներում պահվող մասնավոր տեղեկությունների անմիջական հասանելիության իրավունք էին ստացել` առանձին քաղաքացիներին հետեւելու նպատակով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Facebook-ը, Apple-ը, Microsoft-ը, Google-ը եւ Yahoo-ն արդեն հայտարարել են, որ հատուկ ծառայություններին իրենց սերվերների հասանելիության իրավունք չեն տրամադրել:
«Մեր հաճախորդների վերաբերյալ տվյալներ պահանջող ցանկացած դաշնային կառույց սկզբում պետք է դատական թույլտվություն ստանա», - հայտնել է Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Դոուլինգը:
Google-ում նույնպես հայտնել են, որ «լրջորեն հոգում են իրենց հաճախորդների տվյալների անվտանգության մասին եւ իրենց բազան կառավարության առաջ բացում են միայն օրենքին համապատասխան»: Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նաեւ Facebook-ը եւ Yahoo-ն, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հիշեցնենք, մեկ օր առաջ բրիտանական Guardian թերթը հայտնել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկություններ են հավաքում ԱՄՆ-ի խոշորագույն օպերատոր Verizon-ի բաժանորդների զանգերի վերաբերյալ: Ավելի ուշ ամերիկյան իշխանությունները հաստատել էին այդ տեղեկությունը:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսում են միլիոնավոր ամերիկացիների հեռախոսազրույցները
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը հայտնել է, որ լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում «բազմաթիվ անճշտություններ են» տարածել: Նա ընդգծել է, որ հատուկ ծառայություններին նման գործողություններթույլատրող օրենքը վերաբերում է միայն այն մարդկանց, «որոնք ԱՄՆ-ի քաղաքացի չեն եւ գտնվում են երկրի սահմաններից դուրս»: Նա հավելել է, որ այդ տեղեկատվության արտահոսքը զգալի վնաս կարող է հասցնել երկրի անվտանգությանը եւ այն անվանել է «դատապարտման արժանի»:




























