Ռիգայում, հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով Հայաստանի ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին` Լատվիայի նախագահը բարձր է գնահատել հայ-լատվիական փոխգործակցության ներկա մակարդակը, Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հաստատված հարաբերությունները, որոնք կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար:
Երկկողմ կապերը խորացնելու առումով Անդրինս Բերզինշը կարեւորել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, նաեւ համագործակցության խորացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Այս համատեքստում Լատվիայի նախագահը կարեւորել է կոնկրետ ծրագրերի իրականացումը: Նախագահ Բերզինշը ընդգծել է, որ Լատվիան սատարում է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում եւ առաջարկել Լատվիայի աջակցությունը ու փորձը այս հարցում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ կարեւորություն են տալիս Բալթյան երկրների եւ, մասնավորապես, Լատվիայի հետ բարձր մակարդակի շփումներին եւ գոհունակությամբ նշեց, որ վերջին ժամանակաշրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ իր այցի ընթացքում Լատվիայի Սաեյմայի ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել խորհրդարանների միջեւ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, իսկ վարչապետի հետ հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է տնտեսական հարաբերություններին երկարաժամկետ եւ փոխշահավետ բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:
Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների եւ խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Արեւելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը` նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար եւ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը եւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կարեւոր հիմք կհանդիսանան փոխհարաբերությունների հետագա խորացման համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը, այս համատեքստում նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում համագործակցության համար առկա ներուժը: Նա կարեւորել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Պարոն Աբրահամյանը շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում: Լատվիայի նախագահը նույնպես կարեւորել է հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:




























