Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը «ստոր անամոթ ու կեղտոտ սուտ» է որակել Գալուստ Սահակյանի հայտարարությունը, որտեղ վերջինս նշել է, որ 1992 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԱՀԽ նախարարների կոմիտեի շրջանակներում ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը ամրագրված է Ադրբեջանի կազմում: Նա լրագրողներին ներկայացրեց այդ տարվա ԵԱՀԽ Նախարարների կոմիտեի բոլոր պաշտոնական փաստաթղթերը, որոնք կան նրա պաշտոնական կայքէջում ու նշեց. « Որտեղ է Գալուստ Սահակյանը տեսել նման փաստաթուղթ: Ես հիմա տալիս եմ այդ տարվա Նախարարների կոմիտեի համար շրջանառության մեջ դրված փաստաթուղթը, որտեղ ԼՂ-ի վերաբերյալ ընդամենը մեկ տող կա, որտեղ նախարարները խնդրանքով անդրադառնում են ԼՂ հարցով ԵԱՀԽ նախագահին` Մարիո Ռաֆեյելին եւ Մինսկի խմբին` շարունակելու անդադար ջանքերը, խաղաղ գործընթացն առաջ շարժելու համար: Սրանից ես կարող եմ ենթադրություն անել, որ կամ ԵԱՀԽ-ի արխիվների մի մասը պահվում է Գալուստ Սահակյանենց տանը եւ մենք տեղյակ չենք, կամ միտումնավոր զրպարտում է: Ես առավել հակված եմ վերջին տարբերակին»: Նա նաեւ տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ ու գրավոր կանդրադառնա այդ խնդրին:

Սրան ի պատասխան, հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանն ասաց. «Դու այն մարդը չես, որը պետք է գնահատի Գալուստ Սահակյանին», ապա հավելեց, որ Գալուստ Սահակյանն անձամբ կպատասխանի իրեն ուղղված հայտարարություններին: Նա նաեւ հիշեցրեց, որ Ս. Սաֆարյանը երիտասարդ է եւ չպետք է նմանկերպ արտահայտվի իր ավագ գործընկերների հասցեին, ինչին վերջինս արձագանքեց, նշելով, որ քաղաքականության մեջ տարիք հիշատակելն այնքան էլ ճիշտ չէ, եւ որ իր պարտքն է հրապարակավ ասված ստին գնահատական տալ եւ ասել, որ դա սուտ է: