Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ, այսօր՝ հունիսի 7-ին, կայացել է սիրիահայերի թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների եւ լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի նվիրաբերած նկարների հավաքածուի ցուցահանդես-վաճառքի նախնական ցուցադրությունը:
Հունիսի 17-22-ը, ՀՀ սփյուռքի նախարարության եւ Մարսելի «Terre d’Armenie» մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ, Ֆրանսիայի Մարսել քաղաքում կիրականացվի «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ», որի շրջանակում տեղի կունենա այդ հավաքածուի ցուցահանդես-վաճառքը: Ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար թաղամասի կառուցման աշխատանքներին:
Նկարիչների նվիրատվության այս նախադեպով ՀՀ սփյուռքի նախարարությունը սկսում է ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին՝ սիրիահայերին օգնելու նոր շարժում, որը նպատակ ունի աջակցելու Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը:
Նկարների ցուցադրության բացումը տեղի ունեցավ «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնի նախասրահում՝ նկարիչ Վահրամ Հարությանի ցուցասրահում, որին մասնակցեցին նվիրատու նկարիչներից Վահրամ Դավթյանը, Վահան Ռումելյանը, Գեւորգ Եղիազարյանը, Նաիրա Աղախանյանը:
Շնորհակալություն հայտնելով հայ նկարիչներին եւ սփյուռքահայ արվեստաբան Մովսես Հերկելյանին այս կարեւոր նախաձեռնության համար՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հայազգի նկարիչներն այս քայլով իրենց ուրույն ներդրումը կունենան սիրիահայ մեր հայրենակիցների համար Հայրենիքում պետության կողմից իրականացվող բնակարանաշինության հույժ կարեւոր գործին:
Հայ գեղանկարչական արվեստը միջազգային հարթակներում ներկայացնելու, 28 միջազգային ցուցահանդեսներով ոլորտում թարմություն ներմուծելու, եւ Սփյուռքի տարբեր համայնքներում հայկական արվեստը տարածելու եւ ճանաչելի դարձնելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով պարգեւատրեց շարժմանը «Կեսգիշերային խաղ» կտավը նվիրաբերած Վահրամ Դավթանին:
«Անսահման շնորհակալ եմ այս ազգասիրական, բարեսիրական գործունեության համար: Համոզված եմ, որ Ձեր քայլը եւ մասնակցությունը օրինակ կծառայի մեր արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչների, մտավորականության եւ մասնավորապես գործարարների համար՝ իրենց լուման ներդնելու սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցելու կարեւոր գործին», - եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը նման նախաձեռնությամբ հանդես գալու համար շարժմանը միացած եւ ցուցահանդես-վաճառքին 4 նկար նվիրաբերած Նաիրա Աղախանյանը նշեց. «Մշտապես ցանկացել եմ ինչ-որ կերպ ներդրում ունենալ սիրիահայերին օգնելու գործին, սակայն չեմ կողմնորոշվել, թե ինչպես: Այս շարժումը ե՛ւ Մարսելում սեփական նկարներով ներկայանալու, ե՛ւ միաժամանակ նկարներիս վաճառքից ստացված հասույթը սիրիահայությանը օգնելու ազնիվ եւ ազգանվեր գործին տրամադրելու լավ առիթ է»:




























