Ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը ճանապարհ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ մարտի 2-ին կայացած հանդիպմանը հայտարարել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրամիությունում նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսը: Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ համագործակցության ու քաղաքական երկխոսության ներկա մակարդակը եւ կարեւորել դրա հետագա խորացումը:

«Այս այցը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու ԵՄ-ի ռազմավարական տեսլականի վկայությունն է»,- նշել է Միգել Անխել Մորատինոսը՝ համոզմունք հայտնելով, որ բարձր մակարդակով փոխադարձ այցերը նոր էջ են բացում Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում եւ ընդհանուր ապագայի տեսլականի շուրջ մտքեր փոխանակելու հնարավորություն են տալիս:

Նախագահ Սարգսյանն ու արտգործնախարար Մորատինոսը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի առաջնահերթություններին, քննարկել ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրման ռեժիմի դյուրացման եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցություններին վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Քննարկված խնդիրների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները: Միգել Անխել Մորատինոսը համոզմունք է հայտնել, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը ճանապարհ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: «Խնդրի լուծումը կարող է գտնվել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»,- ընդգծել է Իսպանիայի արտգործնախարարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Եվրամիության պատվիրակությունը նշված խնդիրների շուրջ քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում: