Այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանի ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին։ Վերջինս ճանաչողական այցով էր եկել` նպատակ ունենալով առավել հանգամանալից ծանոթանալ նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ դեսպանն ասել է. «Պատկերացնում եմ, թե որքան ծանրաբեռնված է Ձեր աշխատանքը։ Մեր գրասենյակը նախարարության հետ լավ համագործակցություն ունի տարբեր ուղղություններով, որոնք ներառված են մեր ծրագրերում եւ մշտապես գտնվում են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Գիտեմ, որ ԱԻ նախարարությունն իր առջեւ գնալով ավելի ու ավելի բարդ խնդիրներ է դնում` ընդլայնելով գործառույթները։ Այդ մասին է վկայում նաեւ այն, որ ձեր նախարարությունը մշտապես գտնվում է հասարակության եւ լրատվամիջոցներ ուշադրության կենտրոնում։ Ես շատ ուրախ եմ, որ մենք լավ բարեկամություն ենք անում եւ ունենք արդյունավետ համագործակցություն այսպիսի կառույցի հետ»:

ԱԻ նախարար Ա. Երիցյանը, բարձրաստիճան հյուրին ներկայացնելով ԱԻՆ կառուցվածքը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու զարգացման ծրագրերը, մասնավորապես ասել է. «Սա ապագայի նախարարությունն է, քանի որ Հայաստանում առկա են աղետների գրեթե բոլոր տեսակները, բացի ցունամիից։ Մենք աշխատանքներ ենք տանում բոլոր ուղղություններով, միշտ պատրաստ ենք համագործակցել` շարժվելով առաջ»։

Նշելով, որ ԵԱՀԿ եւ ԱԻՆ փոխգործակցության ծրագրերից մեկը վերաբերում էր Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցին` Ա. Սորոկինը հավաստեց, որ ԵԱՀԿ կենտրոնական` Վիենայի գրասենյակը շատ լավ գիտակցում է այդ խնդրի լուծման կարեւորությունը եւ պատրաստակամ է շարունակել համագործակցությունն այդ ուղղությամբ։

Հանդիպման ավարտին ԵԱՀԿ դեսպանը, նախարար Ա. Երիցյանի ուղեկցությամբ շրջեց նախարարության մասնաշենքերում եւ ճգնաժամային կառավարման կենտրոնում։