Իրաքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 17-ի, որոնցից 12-ն իրանցի ուխտավորներ են: Ավելի քան 45 մարդ վիրավորվել է, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները:

Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհի եւ 21 վիրավորի մասին: Վերջին տվյալներով տուժածներից 37-ն իրանցիներ են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրաքում, այսօր՝ հունիսի 7-ին, ականապատված մեքենա է պայթել Էն Նաջաֆ քաղաքում: Իրանցիները գնում էին Էն Նաջաֆ` շիաների սրբավայրեր այցելելու: Երբ նրանք անցել են Էլ Մուկդադիա քաղաքի սահմանը, նրանց ավտոբուսին է բախվել մի ավտոմեքենա, որի մեջ ռումբ է եղել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»:

Իրաքում մեծ լարվածության առկայությունը պայմանավորված է սուննիների եւ շիաների հակամարտությամբ: Սադամ Հուսեյնի իշխանության տարիներին սուննիները բարձր դիրքեր էին գրավում երկրի ենթակառուցվածքներում, սակայն ԱՄՆ-ի ներխուժումից եւ Սադամ Հուսեյնի տապալումից հետո իրավիճակը փոխվել է: Շիաները գրավել են մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում` վարչապետի պաշտոնը:

ՄԱԿ-ի տվյալներով` մայիսին կրոնական հողի վրա տեղի ունեցած բախումներից տուժել է ավելի քան 1000 մարդ: