Բոսնիա եւ Հերցեգովինայում դատավորին հեռացրել են աշխատանքից, քանի որ նա մերկ վիճակում պարել, մարմնամարզություն է արել եւ ընթերցել իր աշխատասենյակում, որի վարագույրները փակված չեն եղել, հաղորդում է «Ֆոկուս» գործակալությունը:

Դատարանների եւ դատախազության կարգապահական կոմիտեն հետաքննում է կատարվածը: Ակնկալվում է, որ գերատեսչությունը որոշում կկայացնի դատավորի հետագա ճակատագրի եւ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ: Դատավորի անունը չի հաղորդվում:

Առկա տեղեկություններով, երկրի գերագույն դատարանի դատավորի մերկ լուսանկարները բոսնիական լրատվամիջոցներում հայտնվել էին դեռ մայիսի կեսերին: Հավանաբար, դատարանին հաջողվել է պարզել դատավորի անունը եւ հետաքննություն սկսել: Հայտնի չէ, թե որքան հաճախ է դատավորը մերկ վիճակում վարժություններ արել: