Ուկրաինայի Գերագույն ռադայում 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման փաստը ճանաչելու օրինագիծ է գրանցվել։ Օրինագծի հեղինակներն են Արսեն Ավակովը (Բատկիվշչինա), Վիլեն Շատվորյանը եւ Նվեր Մխիթարյանը (Ռեգիոնների կուսակցություն)։

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր է առաջարկվում ապրիլի 24-ը, Facebook-ի իր էջում գրել է Արսեն Ավակովը։

Օրնագծում նշված է, որ ցեղասպանության հարցն Ուկրաինայի համար ակտուալ է, գրում է svodka.net-ը։

Առաջարկվում է 1915-1922թթ. ցեղասպանությունը ճանաչել պետական մակարդակով՝ «նման հանցագործությունները  դատապարտելու եւ ապագայում դրանք կանխելու, ինչպես նաեւ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը 1987թ. ճանաչել էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը։ Նույն ժամանակ Եվրախորհրդարանը 1915-1922թթ. դեպքերը հայերի ցեղասպանություն որակելու որոշում էր կայացրել։

Աշխարհում Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Կանադան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Նիդեռլանդները, Բելգիան, Վատիկանը, Լիբանանը, Կիպրոսը, Լեհաստանը, Լիտվան, Չիլին, նաեւ՝ ԱՄՆ-ի նահանգների մեծամասնությունը։