ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հույս ունեն: Այս մասին Բաքվում հունիսի 8 –ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
«ԱՄՆ-ը հետաքրքրված է հակամարտության լուծումով, ինչի մասին իր վերջին հայտարարությամբ հաստատեց պետքարտուղար Ջոն Քերին, եւ շարունակում է ակտիվ համագործակցել հակամարտության երկու կողմերի հետ»,- նշել է դիվանագետը, հաղորդում է «Թրենդը»:
Խոսելով ԱՄՆ պետքարտուղարի` հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հանդիպումների մասին, Մորնինգսթարը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ակտիվորեն մասնակցում է բանակցություններին եւ փորձում է դրանք առաջ տանել մեռյալ կետից. «Ջոն Քերին անցած շաբաթ անհատական հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նա շատ է հետաքրքրված հակամարտության լուծման որոնման գործընթացով»,-ասել է դեսպանը` ավելացնելով, որ հարցն ամբողջությամբ կախված է հակամարտությունում ներգրավված կողմերից:
Հիշեցնենք, որ նախօրեին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ին չի հաջողվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել:




























