Այսօր` մարտի 2-ին Բուդապեշտում տեղի է ունեցել «Վիշեգրադի խումբ+» նախարարական հանդիպումը` նվիրված Արեւելյան գործընկերությանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Բալաշի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Վիշեգրադի խմբի` Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Արեւելյան գործընկերության մեջ ներառված պետությունների, բալթյան երկրների, Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԵՀ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արեւելյան գործընկերության իրականացման ներկա փուլը, ուրվագծվեցին բազմակողմ համագործակցության այն ոլորտները, որտեղ առավել արդյունավետ կլինի գործակցության այս ձեւաչափը:
Համաժողովում Կարինե Ղազինյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել համագործակցություն ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների հետ: Նա ընդգծել է Հայաստանի պատրաստականությունը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքման հարցում եւ հույս հայտնել, որ Արեւելյան Եվրոպայի երկրների փորձն օգտակատար կլինի այս համատեքստում: Կ. Ղազինյանը հատուկ ուշադրություն է հրավիրել մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցի վրա, քանի որ դա էապես կխթանի հասարակությունների եւ մարդկանց միջեւ շփումները:
Համաժողովի շրջանակներում տկն. Ղազինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵՀ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:



















